Էջ:Վերք Հայաստանի 87.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պռճոկում, սուգ անում, ոտ ու գլուխ քարերին ծեծում, վա՜յ, հարա՜յ, տալիս, գոռում, բղավում, է՛ս պատին, է՛ն պատին քոռի պես գլուխը խփում: Ախր ընչի՞, ընչի. էս ի՞նչ խաբար ա, դատաստանի օրը հո չի՛ հասել, ո՞վ ա սրանց տունը քանդել: Հլա համբերի՛ր մի քիչ, քո ցավը տանիմ, տռհաչություն ի՞նչ հարկավոր ա, լոբի հո չե՞ս կերել. մի քիչ ձենդ փորդ արա՛, հետո կիմանաս: Գնա՛նք մեչիդը, մեր երևանցին մեզ ձեռաց չի՛ թողալ, մի՛ վախենար:

Վա՜յ քո տղիս-տղա, էս ի՞նչ բան ա. տո՛, մի մտիկ արա՛, տո՛, է՛յ, քե՞զ չեմ ասում, շլնքիցդ հո ջաղացքար չի՛ կապած: Էս մարդը գժվե՞լ ա, է՛ս ինչ մարաքյա ա: Կա՛ց, կա՛ց, մի մտիկ անենք, հետո բանի զորությունն իմանանք, մեզ ով ա հետ ածում, կրակ չի՛ վառվել հո ոտըներիս տակին, մի քիչ համբերենք:

Մեկ հաստափոր թուրք՝ մեկ ղաբա միրուք, վրեն իծի քուրք, բալքի արջի ա, հլա քննելու վախտը չի՛, երեսը եղ քսած, մատները հինա դրած, կեղտոտ շորերով, վզին հո, աստված ո՛չ շհանց տա, տարով ջրի երեսը չի՛ տեսել,— մեկ եքա ձողի ջուխտ ձեռով ղայիմ բռնած, կոթը դոշին կպցրած, գլխին Ալու փանջեն (ձեռը) ցցած, լալով, սգալով, իրան կտրատելով, պատմություն, նաղլ անելով, մեկ սուրու խալխ հետը, ի միասին գլխըներին թակելով, նամազ անելով, չախսե՛-վախսե՛ ձեն տալով, թոզ, թոփրաղ կուլ տալով, շորըները վեր քաշած՝ կամըներն առել, ղռերն են ընկել ու ուզում են մինչև Մեքքա մեկ գնան: Բանն էս ա, որ մեր բարեպաշտ ուխտավորը է՛նպես ա կրակվել, էշխ ընկել ու յա ոտը քարին դեմ անում, յա գլուխը ետ քաշում, յա դոշը դեմ տալիս, քամակի վրա ծռվում, ձգվում, ոլորվում ու դեմն էլ վազում ու Ալու զորությունն ու հրաշքը գովում, որ տեսնողը հենց կիմանա, թե թոկ են դրել վիզն ու քաշում: Բայց ո՞վ չի գիտի, որ անիրավ չար սատանեն հենց բարեպաշտ ուխտավորների ճամփին ա թոզ ու դուման անում, աչքըները հող ածում:

— Չրխ՛կ, թրխկ…

Մեր տղա, հեռու կանգնի՛ր. մեր ուխտավորը մուրազին հասավ, սատանեն քոռանա. աչքդ հո ձենով չի՛ ընկել, ա՜յ տնաշեն: Տո՛, մի մտիկ արա՛, տե՛ս, ի՞նչպես ա նա պատի տակին արինը սրբում, գլուխը կապում, է՜: Ախր պատի հետ հանաք անիլ՝ ո՞վ ա լսել: Դու էլ գլուխդ խփիր պատին, թե կարաս, տեսնիմ, արին դուս կգա՞, թե՞ մեկ անկաջ էլ կավելանա:

Տո՛, էս փոսիցն ո՞վ ա ձեն տալիս, բղղում, հարա՜յ, մադա՜թ անում, որ խալխը դեն կենան, ետ քաշվին: Տուն քանդվե՞ց, էս ի՞նչ խաբար ա: Տուն քանդվե՞ց… Տո՛, բաս տունը, որ լեզու չունի, էրդիկ է՞լ չունի, որ քոռըքոռ գնացողի հախիցը գա: Տան դարդը թողանք. քանդվեց, է՛լ կշինեն.